Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձինք ԱԺ բակում հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, քաղաքական մի շարք գործիչներ ԱԺ բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Նրանք ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև:
Հիշեցնենք, որ այսօր 1999թ. այս օրը Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: