Բեռլինը հրաժարվում է զենք մատակարարել Սաուդյան Արաբիային
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուրբաթ հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ զինել Սաուդյան Արաբիային այն դեպքում, եթե սաուդյան իշխանությունները տեղեկություն չտրամադրեն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքների մասին:
«Անհրաժեշտ է հստակ պարզել ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքները, և եթե դա տեղի չունենա, մենք սպառազինում չենք մատակարարի Սաուդյան Արաբիային», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Մերկելը Պրահայում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում և հանդիսանում The Washington Post-ի թղթակիցը, անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք մտնելուց հետո:
Ավելի ուշ սաուդյան իշխանությունները պաշտոնական հայտարարություն էին արել՝ նշելով, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության աշխատակիցների հետ բանավեճի հետևանքով:
Վերջին տվյալների համաձայն՝ լրագրողի մարմինը դեռևս չեն հայտնաբերել: