Ջիգարխանյանն առողջական խնդիրների պատճառով չի գնացել իր ծննդյան օրվան նվիրված ներկայացման պրեմիերային
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել գնալ իր թատրոն՝ «Մոլիեր» ներկայացման պրեմիերային, որը նվիրված էր իր ծննդյան տարեդարձին: Այս մասին ասուլիսում հայտնել է ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկու շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում է, որն այս տարվա ընթացքում արդեն նրա հինգերորդ հոսպիտալացումն էր: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: «Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ նա կգա, սակայն նման հնարավորություն չկա: Ես նրա հետ խոսել եմ, նա պետք է բուժման կուրսեր ստանա»,-ասել է Վինոգրադովը:
Նա նաև նշել է, որ Ջիգարխանյանը հաջողություն է մաղթել արտիստներին, քանի որ դա շատ կարևոր իրադարձություն էր իր համար: Նա շատ վաղուց էր ուզում, որ դա տեղի ունենա: Թատրոնում երկար ժամանակ են աշխատել դրա շուրջ, վերջապես կարողացել են բերել տրամաբանական ավարտի:
Ներկայացումը նվիրվել է Ջիգարխանյանի ծննդյան 83-ամյակին, որը նշվել է հոկտեմբերի 3-ին:
Հենց այդ պիեսում է դեռ այն ժամանակ երիտասարդ արտիստը խաղացել իր առաջին դերերից մեկը:
Ջիգարխանյանը ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը 1996 թ-ից: