Մշակույթի և ԿԳ նախարարությունների նախաձեռնությամբ ներդրվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը բոլոր դասարանների համար
ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների նախաձեռնությամբ ներդրվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված 1-12-րդ դասարանների աշակերտների համար:
ԿԳՆ-ից հայտնում են, որ համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: 2018 թվականի նոյեմբերի 6-ին կմեկնարկի ծրագրի առաջին՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան այցելել իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին:
Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել թանգարանի կամ պատկերասրահի հետ եւ ամրագրել այցի օրն ու ժամը: Ծրագրում ընդգրկված թանգարանների ցանկը հաստատվել է ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների կողմից, այն հասանելի կլինի Dasaran.am կայքում:
Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների ենթակայությամբ: Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի սկզբին:
Նշված մշակութային օջախներ այցից առաջ Dasaran.am կայքի միջոցով աշակերտը հնարավորություն կունենա նախապես ամրագրել իր տեղն առցանց համակարգում, ինչը եւս ծրագիրը կազմակերպված եւ առանց տեխնիկական դժվարությունների իրականացնելու նպատակ է հետապնդում: Առաջիկայում կհրապարակենք տեղեկատվություն նաեւ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: