Մարտի 1-ի գործով ես հարցաքննվել եմ. Սեյրան Օհանյանը` աղմկահարույց հայտարարության մասին (տեսանյութ)
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մարտի 1-ին իր կողմից հնչած հայտարարության եւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին:
-Պարո՛ն Օհանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, պատրաստվո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, ո՞ր դաշինքներից եք առաջարկ ստացել:
-Ուրեմն եկեք ժամանակից շուտ այսպես եզրակացություններ, հետեւություններ եւ նպատակներ չգծենք: Նախկինում էլ եմ ասել եւ այսօր էլ ասում եմ, որ ես միշտ էլ կողմնակից եմ եղել երկրի ներքաղաքական, սոցիալական- տնտեսական, քաղաքացիական հասարակություն կերտելու: Ընդհանուր առմամբ, արդարություն, ազնվություն հաստատելու գործում մեզ պետք են կտրուկ փոփոխություններ: Կտրուկ փոփոխությունները մեզ պետք են, անհրաժեշտ են առաջին հերթին տնտեսության զարգացման համար, քանի որ եթե ցանկանում ենք բնութագրել մեր երկիրը, պետք է բնութագրենք իր տարածքով, բնակչությամբ, իսկ բնակչությունը այսօր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ: Այս փոփոխությունները որոշակի հույս են ներշնչել ժողովրդի մոտ, որ մենք կունենանք հաջողություններ: Այս փոփոխությունները անհրաժեշտ են, եւ կարծում եմ, որ մեր իշխանության բոլոր թեւերը որքան արագ համապատասխանեցվեն մեր ժողովրդի ցանկություններին եւ կամքին, նշանակում է մենք հետագայում արագ հիմք կստեղծենք հետագա զարգացումը ապահովելու համար:
-Մարտի 1-ի գործով բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, անդրադառնանք համացանցում հայտնված հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը, որտեղ նաեւ Ձեր մասին խոսք կար:
-Ընդհանուր առմամբ, մարտի 1-ը մեր բոլորիս ցավն է, եւ այն կորուստները, որ մենք ունեցել ենք, դա իհարկե կպնում են մեր երկրի իմիջին, արժանիքներին: Որքան շուտ ձերբազատվենք այդ ամենից, այդքան լավ: Սա իրավական գործընթաց է, եւ այդ իրավական գործընթացում պետք է հարցը տալ այն մարդկանց, ովքեր գաղտնալսվել են եւ զբաղվում են դրանով :
-Ձեր ձերբակալման մասին են խոսում:
-Խնդրում եմ` իրենց հարցրեք:
-Ձեզ ծանուցագիր էր ուղարկվել հարցաքննության ներկայանալու, ի՞նչ ցուցմունք եք տվել եւ ի՞նչ կագավիակով եք ներկայացել Հատուկ քննչական ծառայություն:
-Այդ գործով որպես վկա հարցաքննվել եմ, կա որոշակի գաղտնիություն այդ հարցաքննության մեջ, եւ դա ես մինչ օրս պահպանում եմ…:
-Մարտի 1-ին դուք կոնկրետ հայտարարություն եք արել: Օրինակ` ՀՔԾ պետը նույն գաղտնալսման ժամանակ ասել էր. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացքում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, զինված ուժերը պահպանել են մեր երկրի կարեւոր օբյեկտները, հույժ կարեւոր օբյեկտները, որոնք նաեւ անվտանգության մաս են կազմում, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարությունը, բոլոր այդ խնդիրները վերաբերում են զինված ուժերին, եւ այնտեղ որեւէ վատ բան չկա:
Դեռ ավելին, քանի որ այդ գործընթացներում ներգրավված են մեր հասարակության զգալի մասը, մեր մարտական ընկերները, ես պարզապես խնդրել եմ, որ բոլորը պահպանեն հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, չխախտեն արտակարգ դրության մասին օրենքները: Եթե խախտումներ լինեն, ապա օրենքին համաձայն միջոցառումներ կկիրառվեն, որտեղ է այդտեղ խիստ խոսքը, չգիտեմ որտեղ է այդտեղ կշտամբանքը ժողովրդին, նման բան չկա: Եկեք այսքանով սահմանափակենք :
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: