Ֆրանսիայում հոգեկան խանգարում ունեցող մարդկանց կթույլատրվի մասնակցել ընտրություններին
Հոգեկան խանգարում ունեցող ավելի քան 300.000 մարդիկ, որոնք ներկայումս Ֆրանսիայում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված են, իրավունք կունենան քվեարկել, այս մասին հայտարարել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հարցերով պետքարտուղար Մարի Կլյուզելը:
Ընտրությունների վերաբերյալ դրույթի համապատասխան փոփոխությունը կընդունվի 2019 թ. սկզբին:
«Այսօր մեր երկրում 700 հազար չափահասներ գտնվում են հսկողության կամ խնամակալության տակ, որոնցից ավելի քան 300 հազարը դատարանի կողմից զրկված են քվեարկելու իրավունքից: Հիմնականում դրանք հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են: Մեր նպատակն է անել այնպես, որ ամենաուշը մինչև 2022 թ. ընտրությունները նրանք կարողանան քվեարկել», - հայտարարել է պետքարտուղարը:
Նրա կարծիքով, հոգեկան խանգարումներով մարդկանց ձայնի իրավունքից զրկելը խտրականություն է:
Կլյուզելն ավելացրել է, որ կառավարությունը նաև ձգտում է նման քաղաքացիներին տալ ամուսնանալու և ամուսնալուծվելու իրավունք: