Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ Սենտ Էտյենի քաղաքապետի՝ Արցախ կատարած այցի պատճառով
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել՝ կապված Սենտ Էտյենի քաղաքապետի՝ առանց Բաքվի թույլտվության Արցախ կատարած այցի հետ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը երկուշաբթի հայտարարել էր, որ մտադիր է Սենտ Էտյենի քաղաքապետ Գաել Պերդրիոյին ներառել «սև ցուցակում», որում Բաքուն ընդգրկում է արտասահմանցիներին, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ՝ չհամաձայնեցնելով այցն ադրբեջանական իշխանությունների հետ: Այդ ցանկում ընդգրկված անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է:
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեքշաբթի կանչվել է ԱԳՆ: Նրան դժգոհություն են հայտնել Ֆրանսիայի ներկայացուցիչների որոշակի քայլերի առնչությամբ, որոնք վնաս են հասցնում Ադրբեջանի շահերին և տարածքային ամբողջականությանը: Միևնույն ժամանակ պաշտոնական բողոք է հաղորդվել Սենտ Էտյենի քաղաքապետի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած անօրինական այցի պատճառով:
Դեսպանին է հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական բողոքի նոտան»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է ադրբեջանական արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ: