Հայ դիզայները Մոսկվայում ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հավաքածուն
Մոսկվայում մեկնարկած նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Դիզայնի բարձրագույն բրիտանական դպրոցի շրջանավարտների հավաքածուների ցուցադրությունը:
7days.ru-ն առանձնացրել է ներկայացված հավաքածուներից ամենահետաքրքիրների հնգյակը, որում ներառվել են հայազգի դիզայներ Վելինա Սուքիասյանի աշխատանքները:
Նշվում է, որ հեղինակավոր դպրոցի շրջանավարտը ներկայացրել է «Նոր գույնի ծնունդ» խորագրով հավաքածուն, որի շրջանակում հետաքրքիր ձևվածքով սպիտակ հագուստների վրա համարձակ գունային փորձարկումներ է արել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնատիպ լուծումների միջոցով դիզայներն իրականում շոշափել է Հայոց ցեղասպանության թեման:
«Հայ լինելով հանդերձ՝ չէի կարող այդ թեման շրջանցել իմ հավաքածուում: Հայոց ցեղասպանության հարցն ինձ անհանգստացնում ու տխրեցնում էր դեռ մանուկ հասակից:
Բայց մյուս կողմից դա ինձ համար ցուցիչ էր առ այն, թե որքան համախմբված ու հավատարիմ կարող է լինել ազգը»,-ասել է Սուքիասյանը: