Թուրքիայի ՆԳՆ աշխատակիցները Ստամբուլի ավտոկայանատեղիներից մեկում հայտնաբերել են ՍԱ-ի գլխավոր հյուպատոսության ավտոմեքենան
Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության համարներով ավտոմեքենան հայտնաբերվել է Ստամբուլի Սուլթանգազի շրջանի ավտոկայանատեղիներից մեկում։ «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ այն հայտնաբերվել է Թուրքիայի ՆԳՆ աշխատակիցների կողմից՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության հետաքննության շրջանակներում։
Իրավապահ մարմինները շրջափակել են տարածքը և արգելել մուտքն այնտեղ։ Ստամբուլի ոստիկանությունը դիմել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն՝ ավտոմեքենան խուզարկելու թույլտվության համար։ Ինչպես նաև՝ ուսումնասիրվում են տեսախցիկները, որպեսզի պարզեն, թե երբ և ով է թողել ավտոմեքենան այնտեղ։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն և անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ պատահաբար։