Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է ստորագրվել
Հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում:
Հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը որոշում են երկու քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության կրթության, մշակույթի, սպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաև նպաստել երկու քաղաքների միջև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը։