Հրապարակվել է Կերչի քոլեջում ուսանողի կողմից իրականացված արյունալի հարձակման պահը (տեսանյութ)
«Վեստի Ղրիմ» հեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերը, որոնք ցույց են տալիս Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում Վլադիսլավ Ռոսլյակովի կողմից իրականացված արյունալի հարձակման պահը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ռոսլյակովը, ձեռքում զենքով ու զինամթերքով պայուսակը բռնած, մտնում քոլեջ: Բացի դրանից, տեսախցիկները ֆիքսել են արյունալի հրաձգության ու պայթյունի պահերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետև ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով մահացել է 21 մարդ: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսլյակովն իր զոհերի կողքին չի հուղարկավորվի: Առկա տվյալների համաձայն՝ Ռոսլյակովը կհուղարկավորվի ազգականներ չունեցողների հատվածում, իսկ ողբերգության զոհերը՝ Կերչի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:
Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել: Նա խոստովանել է, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը: Նա ոչինչ չէր պատմում քոլեջում ուսման մասին: Հայրը պատմել է, որ որդին անգամ ընկերներ չի ունեցել: Անցյալում նա շփվել է մանկության ընկերոջ հետ, որի հետ կապն էլ է կորել: Նա որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ: Նա պատմել է, որ իմացել է համակարգչային խաղերով ու զենքով որդու տարված լինելու մասին: