Ստամբուլում աղբի դեմ պայքարի անսովոր միջոց են գտել
Ստամբուլում, որպես մետրոյով երթեւեկելու եւ հասարակական զուգարանից օգտվելու վճար, սկսել են ալյումինե տարաներ եւ պլաստիկե շշեր ընդունել՝ տեղեկացնում է Turizm-ը։
Կանգառներում տեղադրված են սարքեր, որոնք թույլ են տալիս լիցքավորել երթեւեկության Istanbul Card տոմսը։ Սարքերը ընդունում են նշված տարաները, ինչից հետո մանրացնում են եւ տեսակավորում՝ երկրորդական օգտագործման համար։
Մետրոյով մեկ անգամ երթեւեկելու համար սարքի մեջ անհրաժեշտ է գցել 32 հատ 1,5 լիտրանոց պլաստիկե շիշ կամ 28 ալյումինե տարա։
Այս նախաձեռնության նպատակն ուղեւորների մեջ թափոնները եւ աղբը ինքնուրույն ոչնչացնելու սովորություն սերմանելն է։ Այս կերպ լիցքավորված քարտերը կարելի է օգտագործել ոչ միայն մետրոյով, այլեւ ավտոբուսով, տրամվայով երթեւեկելու, ինչպես նաեւ հասարակական զուգարանից օգտվելու համար։