ԱՄՆ-ում 612 000 դոլարով եզակի լուսնային երկնաքար է վաճառվել
Աֆրիկայի հյուսիսարևմտյան շրջանի անապատում 2017-ին հայտնաբերված լուսնային երկնաքարն աճուրդի է հանվել ամերիկյան Բոստոն քաղաքում: RR Auction աճուրդի տան հաղորդմամբ՝ լոտը վաճառվել է 612 500 դոլարով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ավելի քան 5 կգ կշռող եզակի երկնաքարը հայտնի է «Լուսնային փազլ» անունով, քանի որ բաղկացած է վեց մասից:
Աճուրդի տան նկարագրության մեջ նշվում է, որ տվյալ երկնաքարը Լուսնի մակերերսից առանձնացել է հեռավոր անցյալում, որի համար հավանաբար պատճառ է հանդիսացել բախումն այլ երկնաքարի հետ: Այնուհետև այն շուրջ 6 մլն կմ տարածություն է անցել, իսկ 2017-ին հայտնաբերվել է Աֆրիկայում:
«Լուսնային փազլն» իր մեծության և եզակիության շնորհիվ համարվում է ամենանշանակալի լուսնային երկնաքարերից մեկը, որոնք երբևէ հայտնաբերվել են Երկրի վրա: