Ադրբեջանում բենզինի արտադրության վերսկսումը հետաձգվում է, բենզինը կներկրեն
Բաքվի նավթավերամշակման գործարանի ախատանքի դադարեցումից հետո դրա վերսկսումը հետաձգվում է։ Ադրբեջանի կառավարությունում միջոցներ են ձեռնարկում, որ նավթ ունեցող երկրում բենզինը չթանկանա։ Երկրի կառավարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ներկրվող բենզինի հարկումը, հայտնում է տեղական մամուլը։
ԱԻ-92 («Ռեգուլյար») բենզինի ներկրումը լիարժեք ազատվում է մաքսատուրքերից։ Նախկինում ներկրողները մաքսային գումարները վճարում էին բենզինի արժեքի 15 տոկոսի չափով։ Ավելին, ներկրվող բենզինը գործնականում ազատվում է նաև ակցիզային հարկից։ Եթե նախկինում մեկ տոննայի համար հարկվում էր 200 մանաթ ակցիզահարկ (համարժեք է 117 դոլարին կամ 57 հազար դրամին), հիմա այդ հարկը կկազմի սիմվոլիկ մեկ մանաթ (284 դրամ)։
Այս կարգավորումները Ադրբեջանի կառավարությունը մտցրել է 90 օրով՝ հետադարձ ուժով այդ կարգավորման մեջ մտցնելով հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածը։ Սա հակասում է ադրբեջանական կողմի նախկինում արած հայտարարություններին։
Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին, երբ Ադրբեջանում ժամանակավորապես դադարեցվեց Բաքվի նավթավերամշակման գործարանի աշխատանքը (միակն է Ադրբեջանում), նշվեց, որ դրա աշխատանքը վերսկսվելու է երկու շաբաթից։ Սրա պատճառով Ադրբեջանը որոշ ժամանակով ստիպված էր լինելու ԱԻ-92 («Ռեգուլյար») բենզին ներկրել այլ պետություններից։ Բայց այդ ժամկետը, փաստորեն, երկարաձգվել է։
Գործարանի աշխատանքը կասեցվել է մասնակի, այլ արտադրատեսակներ դեռ մշակվում են, սակայն բենզինի արտադրությունը կվերսկսվի առնվազն երկու շաբաթից։ Այդ ժամանակ արդեն տվյալ գործարանը հնարավորություն կունենա արտադրել եվրոպական Եվրո-5 ստանդարտի բենզին։