ԱՄՆ-ն շուտով Ռուսաստանին կիրազեկի ՄՓՀՀ ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու մասին
ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է մյուս շաբաթ Ռուսաստանին հայտնել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու ծրագրերի մասին, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը ցանկանում է այս որոշումը հաստատել «առաջիկա շաբաթներին»:
Պայմանագրից դուրս գալու մասին Մոսկվային կտեղեկացնի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հայտնում է NYT-ն: Բոլթոնը այցով Ռուսաստան կժամանի հոկտեմբերի 21-ին:
Ավելի վաղ բրիտանական The Guardian-ը հայտնել էր, որ Բոլթոնը հանդես է գալիս ՄՓՀՀ ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու օգտին, սակայն այս որոշումը դեռ պետք է համաձայնեցվի կառավարության հետ, մինչդեռ ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ Պաշտպանության նախարարությունը հակառակ կարծիքի են: Սակայն, պարբերականի տեղեկություններով, Վաշինգթոնը այս շաբաթ արդեն իր եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է համաձայնագրից դուրս գալու ծրագրերի մասին՝ տեսնելու համար, թե ինչպես կարձագանքեն:
ԱՄՆ-ն ՌԴ-ում մշակված «Իսկանդեր» համալիրի համար վերգետնյա բազավորման 9Մ729 թեւավոր հրթիռի մշակման պատճառով Ռուսաստանին մեղադրում է պայմանագրի խախտման մեջ:
Վաշինգթոնը եւ ՆԱՏՕ-ն կարծում են, որ այս համակարգը պայմանագրի ազդեցության շրջանակում է, Մոսկվան դա հերքում է: Ռուսաստանը նույնպես ԱՄՆ-ին բազմիցս մեղադրել է համաձայնագրի խախտումների մեջ, օրինակ՝ Ռումինիայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման պատճառով:
Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանգիրը 1987 թվականին ստորագրել են ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Համաձայնագիրը կողմերին արգելում է վերգետնյա բազավորման 500-ից մինչեւ 5500 կմ հեռահարությամբ բալիստիկ եւ թեւավոր միջուկային հրթիռների արտադրությունը, ինչպես նաեւ դրանց փորձարկումը եւ տեղակայումը: