Էրդողանն Ալիևից «կաթոլիկ» է դրսևորել իրեն՝ խոսելով Արցախյան հակամարտության մասին
Թուրքիայի արևմուտքում երեկ բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակման ձեռնարկություն, որի համար ադրբեջանական կողմը ավելի քան 6 միլիարդ դոլար ներդրում է արել։ Գործարանի բացմանը մասնակցել ու ելույթ են ունեցել նաև երկու երկրների նախագահները։
Իր ելույթում Իլհամ Ալիևը մեծարել է իրենց երկու երկրները՝ որպես համաշխարհային խաղացողներ, հիշատակել է ներդրումներն ու համատեղ ենթակառուցվածքային ծրագրերը։
Բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան գերազանցել է իր «արցախասիրությամբ»։ Եթե Ալիևի խոսքում հակամարտության մասին որևէ հիշատակում չկար, ապա Թուրքիայի նախագահի խոսքում մի ամբողջ պարբերություն էր նվիրված «ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիայի անթույլատրելիությանը»։
«Միջազգային կառույցը, որ փուչ է իր բովանդակությամբ և հեռու է արդարությունից, չի կարող վստահություն պահպանել ոչ մի մարդու կամ հասարակության աչքում։ Մենք սպասում ենք այն պահին, երբ միջազգային հանրությունը «Ստոպ» կասի աշխարհի անարդարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գլխավորությամբ», – հայտարարել է Էրդողանը։
Այս պահին Թուրքիան շարունակում է մնալ Մինսկի խմբի պետությունների թվում (ո՛չ խմբի համանախագահողների), իսկ այդ խումբը միջնորդակա՛ն ջանքեր պետք է գործադրի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։ Սակայն Թուրքիան միանշանակ պահում է Ադրբեջանի թիկունքն ու Բաքվին օգնում և՛ քաղաքական, և՛ ռազմական (հրահանգիչների ու զինտեխնիկայի տրամադրման) մեթոդներով։