Պուտինը գլոբալացման արդյունքն է համարել Կերչի ողբերգությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով «Վալդայ» դիսկուսիոն ակումբում, հայտարարել է, որ Կերչի ողբերգությունը գլոբալացման արդյունքն է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Կցանկանայի սկսել երեկվա ողբերգությունից: Դա, դատելով ըստ ամենայնի, նաեւ գլոբալացման արդյունքն է: Սոցցանցերում, Համացանցում մենք տեսնում ենք, որ ամբողջ հանրակցություններ են ստեղծված»,-ասել է Պուտինը: Նա նշել է, որ ամեն ինչ սկսվեց ԱՄՆ-ի դպրոցներում հայտնի ողբերգական իրադարձություններից: «Անկայուն հոգեկանով երիտասարդներն իրենց համար ինչ-ինչ կեղծ հերոսներ են ստեղծում:
Դա նշանակում է, որ մենք բոլորս, ոչ միայն Ռուսաստանում, ամբողջ աշխարհում վատ ենք արձագանքում աշխարհում փոփոխվող պայմաններին: Դա նշանակում է, որ մենք հարկավոր, հետաքրքիր ու օգտակար կոնտենտ չենք ստեղծում երիտասարդների համար»,-հավելել է նախագահը: Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը պայթյուն եւ հրաձգություն է իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 21 մարդ, ներառյալ Ռոսլյակովը: Վիրավորվել է ավելի քան 40 մարդ: