Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար
2017թ. սեպտեմբերին տեղի ունեցավ բանկային հաշվառման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկության զանգվածային արտահոսք, ինչից պարզ դարձավ, որ 2012-2014թթ. Ադրբեջանի իշխող վերնախավը իր գործարկած հիմնադրամի միջոցով կաշառել էր ԵԽԽՎ որոշ պատվիրակների և ստեղծել էր փողերի լվացման միջազգային սխեմա, որը հայտնի է «ադրբեջանական լվացքատուն» անունով:
Փողերի լվացման միջազգային սխեմայի գոյությունը թույլատրած Եվրոպական ֆինանսական հաստատությունները և Ադրբեջանին գումարի դիմաց սատարած Եվրոպական քաղաքական գործիչները նույնպես մեղսակից են այս գործում:
Լվացքատան պատմության հրապարակումից հետո Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային շարժումը կոչ արեց ԵԽԽՎ-ին, որ Եվրախորհրդում ձայների գնման մեղադրանքի կապակցությամբ անկախ հետաքննություն ձեռնարկվի: ԹԻ-ն նաև հանրային քարոզարշավ ձեռնարկեց, որին մասնակից հարյուրավոր մարդիկ նամակներ հղեցին ԵԽԽՎ-ի իրենց պատվիրակություններին` նրանց հորդորելով նպաստել անկախ հետաքննությանը:
Հետևելով մեղադրանքները հետաքննելու կոչերին՝ ԵԽԽՎ-ն ստեղծեց անկախ հետաքննչական մարմին, որը 2018թ. ապրիլին հրապարակեց իր հաշվետվությունը, որտեղ արձանագրված են վարքագծի կանոնների բազմաթիվ խախտումներ և կոռուպցիոն դրսևորումներ:
Հետաքննությունը նաև առաջ է բերել փաստեր և կասկածներ 8 այլ երկրների վերաբերյալ, որոնք են Հայաստանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոնակոն, Չեռնոգորիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Ուկրաինան: Սահմանափակ ժամանակի և ռեսուրսների պատճառով այս նոր մեղադրանքների կապակցությամբ պատշաճ հետաքննություն չի իրականացվել:
Ս.թ. հունիսի 28-ին ԹԻ-ն դիմել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Լիլիան Մորի-Պասքիեին` հայցելով ընդլայնել Անկախ հետաքննչական մարմնի մանդատը` քննելու այս երկրների վերաբերյալ կասկածները: