Պուտինը, հնարավոր է, սպանության մասնակից է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, սպանության մասնակից է։ Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքը երբևէ խիստ խոսքեր չի ասել Պուտինի մասին, Թրամփը նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ինքն ինչ է ասել Պուտինին իրենց վերջին հանդիպման ժամանակ։ Արձագանքելով այն նկատառմանը, որ ինքը դա երբեք հրապարակայնորեն չի արել, Թրամփը բորբոքվել է․ «Կարծում եք ո՞չ։ Ես Ուկրաինային հարձակողական սպառազինություն եմ տրամադրել։ Օբաման դա չի արել։ Նա բարձ ու վերմակ էր ուղարկում․․»։ Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումն ԱՄՆ նախագահը անվանել է «շատ խիստ» և «շատ լավը»։ Այն հարցին, թե համարում է արդյոք ինքը, որ Պուտինը մասնակից է սպանություններին , թունավորումներին, Թրամփը պատասխանել է՝ հավանաբար այո։
Նա նորից նշել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016թ․ ամերիկյան ընտրություններին՝ ընդգծելով, որ Չինաստանն ավելի լուրջ խնդիր է իրենից ներկայացնում։