Անհայտ անձը կրակել է սրճարանում գտնվողների վրա
Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի սրճարաններից մեկի ներսում, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
Ըստ ոստիկանության ձեռք բերած տվյալների՝ Յաբլոչկով փողոցի վրա գտնվող սրճարանի այցելուներից մեկը վեճի է բռնվել ներկաների հետ ու առնվազն երկու կրակոց արձակել իր մոտ եղած զենքից: Դրանից հետո նա փախուստի է դիմել ու անհետացել:
Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքով երկու անձի, որոնք տեղափոխել են հիվանդանոց: Նրանք երկուսն էլ հրաժարվել են գրավոր բողոք ներկայացնելուց:
Հայտնի է, որ միջադեպի առնչությամբ հարուցված է քրեական գործ՝ խուլիգանության մեղադրանքով: