Թրամփը սպառնացել է «պատժել» Էր-Ռիադին սաուդացի լրագրողի «սպանության» համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պարզել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ կապված իրավիճակը և չի բացառում «խիստ պատժի» կիրառումը, եթե պարզվի, որ անհետացման հետևում կանգնած է Էր-Ռիադը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք շատ հիասթափված և դժգոհ կլինենք, եթե այդպես լինի: Նրանք դեռևս ժխտում են դա», - ասել է ԱՄՆ նախագահը CBS հեռուստաալիքի 60 minutes ծրագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող էր Սաուդյան Արաբիայի թագավորը հրամայել սպանել լրագրողին:
Թրամփը չի բացառել որոշակի պատժամիջոցների սահմանումը, եթե պարզվի, որ լրագրողի անհետացման հետևում կանգնած է Էր-Ռիադը, սակայն ընդգծել է, որ չի ցանկանում հրաժարվել Սաուդյան Արաբիա զենքի մատակարումներից:
Հիշեցնենք, որ սաուդացի լրագրողը, որը 2017-ից բնակվել է ԱՄՆ-ում և աշխատել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին:
Նրան վերջին անգամ տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելիս:
Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներում կարծիքներ են հրապարակվում, որ լրագրողին սպանել են: