ԵԽԽՎ-ն ՌԴ-ից պահանջել է վերադարձնել Կաչինսկու կործանված ինքնաթիռի բեկորները
ԵԽԽՎ-ն Ռուսաստանից պահանջել է Լեհաստանի իշխանություններին հանձնել 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտակայքում կործանված Տու-154 ինքնաթիռի բեկորները: ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձևն ընդունել է հոկտեմբերի 12-ին:
Բանաձևի հեղինակները կոչ են արել ռուսական իշխանություններին ձեռնպահ մնալ վթարի վայրում ցանկացած քայլից, որը կարող է լեհական կողմից դիտվել որպես զոհերի հիշատակը վիրավորող գործողություն:
Փաստաթղթում նաև ասվում է, որ աղետի պատճառների մասին ռուսական և լեհական հանձնաժողովների եզրակացությունները հիմնականում համընկնում են. ինքնաթիռը կործանվել է պատահարի հետևանքով: Սակայն Ռուսաստանն ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը բարդում է անձնակազմի վրա:
Մեկ այլ վարկածով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ ահաբեկչությունը:
ԵԽԽՎ-ն կոչ է արել Լեհաստանին և Ռուսաստանին համագործակցել աղետի հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Բանաձում նշվում է, որ ինքնաթիռի բեկորները Լեհաստանին փոխանցելուց Ռուսաստանի հրաժարվելը լեհական հասարակությունում կարծիք է ձևավորում, թե Ռուսաստանը աղետի հետ կապված թաքցնելու բան ունի: