Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ բազմազանություն. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը շատ է կարևորում Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը և վստահություն հայտնում, որ նորընտիր գլխավոր քարտուղարը կկարողանա զարգացնել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը: Այս մասին նախարարության պետքարտուղարը նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
«Սա շատ կարևոր պահ է բոլորիս համար, որ մենք ապրեցինք այս շաբաթ, և այն կարևոր էր հատկապես Հայաստանի համար: Մենք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, գնում ենք դեպի 50-ամյակ, որը կնշվի Թունիսում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր խորհրդանիշ է, քանի որ այդ երկրից է եղել Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկը՝ Հաբիբ Բուրգիբան, ով նաև թունիսցի քաղաքական և հասարակական գործիչ էր, իսկ այսօր Թունիսը ներկայացնում է տվյալ երկրի արտաքին գործերի և համագործակցության նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ով այսուհետև գլխավորելու է կազմակերպությունը»,- նշեց Ժան-Բատիստ Լեմուանը:
Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ձեռք ձեռքի տված աշխատելու է բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև նորընտիր գլխավոր քարտուղարի հետ:
«Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ բազմազանություն: Միասնություն է այն լեզվի միջոցով, որով մենք հաղորդակցվում ենք, իսկ բազմազանություն՝ այն պատմության միջոցով, որ ամենքս ունեցել ենք»,- շեշտեց Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը:
Լեմուանը ողջույններ հղեց նախորդ տնօրինությանը՝ ՖՄԿ նախկին գլխավոր Միկայել Ժանին, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանին:
«Մենք տեսնում ենք, որ մեր համաքաղաքացիները հարցեր են տալիս ճգնաժամերի ավելացման վերաբերյալ, բայց Ֆրանկոֆոնիան հենց դրա համար է տվյալ երկրում, որպեսզի կարողանա ինչ-որ տեսակի «բուժամիջոցներ» առաջարկել իրավիճակի կարգավորման համար: Այդ «բուժամիջոցները» առաջարկվում են այնպիսի կառույցների հետ միասին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ տարածաշրջանային կազմակերպությունները»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը և հավելեց, որ բոլոր անդամ պետությունները ցանկություն ունեն ավելի սերտ աշխատանքներ իրականացնել Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների միջև:
Նա վստահեցրեց, որ Ֆրանկոֆոնիան ոչ միայն գրավիչ է այն տարածքների համար, որտեղ ֆրանսերենն օգտագործվում է արդեն տասնամյակներ շարունակ, այլ նաև այն տարածքների, որոնց համար ֆրանսերենը հիմնական լեզուներից չէ:
«Այդ պետություններն ընտրություն են արել ավելի մոտենալու Ֆրանկոֆոնիային և հասանելիություն ունենալ դեպի մի ոլորտ, մի տիրույթ, որը վերաբերում է երիտասարդությանը: Կարծում եմ երիտասարդության թեման շատ կարևոր է նաև Լուիզ Մուշիկիվաբոն համար, քանի որ նա հավատում է, որ կկարողանա այն առաջ տանել՝ կրթության, աշխատանքի և փոխանակումների միջոցով»,- ընդգծեց Լեմուանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը խոսքն ավարտեց՝ մեջբերելով ֆրանսիական մի երաժշտական խմբի, որի երգում ասվում է. «Ֆրանկոֆոնիան չունի թուղթ, այն գոյություն ունի, եթե յուրաքանչյուր սերնդի կին թե տղամարդ իրեն ճանաչում է որպես ֆրանկոֆոն»: