Գլենդելի Արցախի փողոցի բարեկարգման համար 10 մլն դոլար կհատկացվի
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։ Ամերիկայի հայկական լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ այդ անվանափոխությունը հեշտ չի ստացվել: Նախաձեռնող խումբը շատ երկար է պայքարել դրա համար: Դեմ է եղել անվանափոխությանը հատկապես ադրբեջանական համայնքը:
Վերանվանումը սկզբում դուր չի եկել նաև Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի վերանվանման հետ կապված ծախսերի պատճառով:
Ի պատասխան, Գլենդելի քաղաքապետարանը փողոցում գտնվող 130 բիզնես կազմակերպություններից յուրաքանչյուրին 1000-ական դոլար է հատկացրել:
«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ բացի դրանից՝ քաղաքային բյուջեից ևս 10 միլիոն դոլար է հատկացվելու փողոցի բարեկարգմանը: Արցախի փողոցը նախատեսվում է Գլենդելի զբոսաշրջության կենտրոնի վերածել:
«Փողոցն այցելող մարդիկ կսկսեն հետաքրքրվել, թե ինչ է Արցախը, որտեղ է այն գտնվում»,- նշել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ շուտով Լոս Անջելեսում կբացվի հայկական անվանում ունեցող ևս մեկ փողոց: