Ի՞նչ փոխել հայկական ֆուտբոլում. Արթուր Վանեցյանի հարցազրույցը
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին՝ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի, հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագրերի ու խնդիրների մասին։
-Պարոն Վանեցյան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը, մինչդեռ բանակցություններ էին վարվում իտալացի մարզիչներ Ջիանի դե Բիազիի ու Դելլիո Ռոսսիի հետ։ Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Գյուղլբուդաղյանցի վրա։
-Սկսենք նրանից, որ ոչ թե երկու, այլ շատ ավելի մարզիչների հետ ենք բանակցություններ վարել, բայց ինչ-ինչ պատճառներով, հաշվի առնելով, որ մրցաշրջանը սկսվել է, այդ մարզիչները ի վերջո չհամաձայնեցին ճանապարհի կեսին գլխավորել հավաքականը։ Գալիս էին, տեսնում մեր ոգևորվածությունը, պահանջները, կարծում էին, որ կարող է՝ ինչ-որ տեղ չհաջողեին ու չէին ուզում պատասխանատվություն ստանձնել։ Փառք Աստծո, ունենք Գյուլբուդաղյանցի նման մարզիչ, որն իր որակական ու անձնական հատկանիշներով կկարողանա հավաքականը բերել հաղթանակների։ Իհարկե չենք կարող մշտապես հաղթանակներ պահանջել, բայց կարծում եմ առնվազն արժանապատիվ ֆուտբոլ մեր հավաքականը ցույց է տալու, ու եթե լինեն պարտություններ, դրանց համար չենք ամաչելու։
-Ազգերի լիգայում Մակեդոնիայի հետ խաղում պարտությունից հետո ինչպե՞ս եք այդ մրցաշարում գնահատում մեր շանսերը։
-Չեմ ուզում նախկինին գնահական տալ, բայց ապագան տեսնում եմ պայծառ ու արևոտ, ես լավատես եմ, ու դա իմ մեջ չի պակասում երբեք։
-Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու։
-Այն հիմքերը, որ այսօր իրավիճակ է փոխվել ողջ երկրում, ողջ ազգի մեջ և «դուխով» բառը, որ ակտուալ է դարձել, մտել է մեր հավաքականի մեջ, և ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները իրականացնելու են բոլոր քայլերը, որ ունենանք հաղթանակներ։ Ես հանդիպում եմ ունեցել ֆուտբոլիստների, մարզչական շտաբի հետ ու միակ հարցը, որ ես բարձրացրել եմ, խնդրել եմ, հորդորել եմ այն է, որ հավաքվեն ու իրենց ողջ ներուժն օգտագործեն, բայց էլի եմ կրկնում՝ չի կարելի մեր ֆուտբոլի վիճակը ու ֆուտբոլը գնահատել միայն հաղթանակներով։ Պետք է ճիշտ հիմքեր դնենք մեր ֆուտբոլում, որ կարճ ժամանակ անց՝ մի քանի տարի անց ունենանք հավաքականի արժանի թեկնածուներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: