Շարմազանովը Անթալիայում հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության ու Արցախի հիմնահարցի վերաբերյալ՝ խիստ բարկացնելով Թուրքիայի ԱԺ նախագահին
Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովի ընթացքում փակ դռների ետևում լուրջ բանավեճ է ծավալվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի միջև, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:
Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ Շարմազանովը նիստի ժամանակ հայտարարություններ է արել նաև Հայոց ցեղասպանության ու Արցախի հիմնահարցի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին:
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը պնդել է, թե Հայաստանը նման պահվածքով «մեկուսացնում է իրեն» քաղաքական դաշտում, մինչդեռ «խաղաղ» քաղաքականություն վարելու դեպքում ՀՀ-ն կարող է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ:
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներին և պատմությունը թողնի պատմաբաններին»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Ըստ նրա՝ Շարմազանովի հայտարարությունները հարիր չեն համաժողովի ձևաչափին ու նպատակին:
Վերջինիս աջակցություն է ցույց տվել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, որը հայտարարել է, թե «Հայաստանը տարիներ շարունակ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիային»:
Աղբյուրը նշում է նաև, որ նիստի վերջում մասնակից անդամների ընդհանուր հայտարարության ընթերցման ժամանակ հայաստանյան պատվիրակությունը ներկա չի գտնվել: