ԲԿ-ներում տեղադրվել են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքներն ու դժգոհությունները
Բժշկական կենտրոններում տեղադրվել են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքներն ու դժգոհությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս փուլում տերմինալներ տեղադրվել են «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում: Նախաձեռնությունը պիլոտային է, հետագայում այն պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: Տերմինալների համակարգը պետք է ենթարկվի պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման կարևոր մեթոդներից մեկը:
Տերմինալների միջոցով պացիենտների ներկայացրած դիտողություններն ու կարծիքները կարևոր գործիք են տվյալ բուժհաստատության համար` գնահատելու սեփական ծառայություններից օգտվողների գոհ կամ դժգոհ լինելը: Դա կարևորվում է նաև նախարարության տեսանկյունից, քանի որ պացիենտակենտրոն խնամքի խթանումը առողջապահական համակարգում առաջնահերթություն է, իսկ բուժման արդյունավետությունը բազմաթիվ դեպքերում պայմանավորված է հենց բժիշկ–պացիենտ փոխհարաբերությամբ:
Պացիենտը պետք է լինի բուժման գործընթացի գործուն մասնակից», – ասված է գրառման մեջ: