Նոր մանրամասներ՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի մահվան մասին
Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է ՌԴ Կոստրոմայի շրջանում անցած չորեքշաբթի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի մահվանը, ում ներկայացրել է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկար տարիների դաշնակից»: Լրատվամիջոցը նշում է, որ ուղղաթիռի օդաչուի մարմնում երկու փամփուշտ է հայտնաբերվել:
Տեղեկությունների համաձայն՝ Կարապետյանը կապված է եղել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա մրցակից Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկող տեղեկություններ առաջարկելու հետ: Դա արվել է փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի միջոցով, որը հանդիպել է Թրամփի շտաբի անդամների հետ 2016 թվականին:
Վեսելնիցկայան ռուս բարձրաստիճան պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող հակակոռուպցիոն օրենքների՝ ԱՄՆ Մագնիտսկու ակտի չեղարկմանն ուղղված արշավ է ղեկավարել:
Չնայած նրա հիմնական նպատակն օրենքները չեղարկելն էր, արտահոսած էլեկտրոնային նամակների համաձայն՝ նա պնդել է, որ վարկաբեկող տեղեկություններ ունի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի վերաբերյալ, որը ենթադրաբար նրան է փոխանցել ՌԴ գլխավոր դատախազությունը:
Սահակ Կարապետյանը ղեկավարել է մարտին անգլիական Սոլսբերի քաղաքում նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը: Նա ղեկավարել է նաև Պուտինի հակառակորդ Բորիս Բերեզովսկու և այլախոհ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան առնչությամբ հետաքննությունները:
Լրատվամիջոցը նշում է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարապետյանը բրիտանական, ամերիկյան և շվեյցարական գաղտնի ծառայություններին տեղեկություններ փոխանցող աղբյուր է եղել:
Օդաչուի վրա կրակելու մասին մասնավորապես «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Դորենկոյի պնդումները նպաստելու են ենթադրություններին, որ Սահակ Կարապետյանը սպանվել է, այլ ոչ դարձել դժբախտ պատահարի զոհ, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը: Ռուսաստանի քննչական կոմիտեն հերքել է օդաչուի սպանության մասին պնդումները:
Վթարից հետո Նեզիգար անունով և Կրեմլից տեղեկությունների տիրապետող անանուն բլոգերը ենթադրել է, որ Կարապետյանի մահը ռուսական իշխանություններում «մի շարք ցավոտ հարցեր կլուծի»: Ի թիվս այլ հարցերի, «այն կդադարեցնի Արևմուտքին խիստ գաղտնի տեղեկությունների արտահոսքերը»: Կարապետյանի մահով մասնավորապես կլուծվի Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի գաղտնի ծառայություններին տեղեկությունների հետագա փոխանցումը դադարեցնելու հարցը: