Նա հաճախ էր ասում «կարևոր չէ՝ մարդիկ կհիշեն ինձ, թե ոչ, նրանք կհիշեն իմ աշխատանքը». Շանսոնյեի թոռան հուզիչ նամակը՝ պապի հիշատակին
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր Facebook-ի իր էջում հրապարակել է որդու հուզիչ նամակը՝ նվիրված տաղանդաշատ պապի հիշատակին:
Շանսոնյեի թոռը նշում է, որ մեծանալով որպես ամերիկացի երեխա՝ ինքը շատ բան չի իմացել պապի կարիերայի մասին:
«Հաճախ զարմանում էի՝ ինչո՞ւ չեմ կարողանում նրան ուզածիս չափ շատ տեսնել, և դա ինձ շատ էր տխրեցնում: Նա ինձ համար իմ պապին էր: Բայց ժամանակի ընթացքում, երբ սկսեցի ուսումնասիրել, ի վերջո հասկացա, թե ով էր այդ մարդը: Ես հասկացա, որ նա աշխատում էր հանուն ընտանիքի բարօրության և միևնույն ժամանակ փորձում էր աշխարհում հավասարության հաստատման հասնել: Նա մեկն էր, ով երգել է այնքան շատ լեզուներով, ազդել այնքան շատ մարդկանց ու մշակույթների վրա: Նա մեկն էր, ում համար կրոնը, սեռը, սեռական նախասիրությունները, էթնիկ ծագումը բոլորովին կապ չունեին:
Նա մեկն էր, ով խրախուսում էր բազմազանությունը հենց իր ընտանիքում: Շառլ Ազնավուր՝ ծնված Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ութ տասնամյակ ձգված կարիերա, 1.200 երգ՝ աշխարհի 9 լեզվով: Նա օգնել է հայերին, ֆրանսիացիներին, հրեաներին ու անթիվ-անհամար այլ մարդկանց, բայց ինձ համար նա պարզապես իմ պապին էր: Երկուշաբթի մենք կորցրինք այս հրաշալի մարդուն: Սրտիս մի կեսը կոտրված է այս կորստից, իսկ մյուս կեսը՝ աշխարհի կրած կորստից: Ժամանակն ամեն ինչ բուժում է, ու հիմա փորձում եմ այս ժամանակահատվածում հնարավորինս աջակցել ընտանիքիս: Պապս միշտ էլ քարոզել է ընտանիքի կարևորությունը:
Չեմ կարող փոխանցել, թե ընտանիքս որքան է գնահատում այս շաբաթվա ընթացքում հաղորդագրությունների, Facebook-ի ու հեռախոսազանգերի միջոցով ստացված աջակցությունը: Սիրո այս պոռթկումն ինձ ստիպում է գիտակցել, որ շրջապատված եմ մեծ մարդկանցով: Նման աջակցություն ունենալը շատ է օգնում: Իսկ ինձ մնում է միայն ապրել նրա առաջադեմ էությանը համաձայն ու բոլորին վերաբերվել սիրով և հարգանքով: Նա հաճախ էր ասում «կարևոր չէ՝ մարդիկ կհիշեն ինձ, թե ոչ, նրանք կհիշեն իմ աշխատանքը»: Մենք երկուսն էլ կհիշենք, իմ սիրելի պապի: Եվ ես ջանք չեմ խնայի քո արածը շարունակելու համար: Գիտեմ՝ հիմա ինչ-որ տեղ ծիծաղում ես հորս, հորաքրոջս, Ժորժի ու բոլոր նրանց հետ, ում սիրում էիր: Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապի, մինչ հանդիպում»: