Թուրքիայի 6 քաղաքում ձերբակալվել է 49 քրդամետ գործիչ
Թուրքիայի միանգամից 6 քաղաքներում ոստիկանությունը հատուկ գործողություններ է նախաձեռնել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ, ձերբակալվել է 49 մարդ. այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
Բաթմանում, Բայազետում, Անկարայում, Մուշում, Ուրֆայում և Մարդինում ոստիկանությունն ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով խուզարկել է ընդդիմադիր գործիչների տներն ու գրասենյակներն ու բերման ենթարկել շատերին:
Ձերբակալվածների թվում է նաև կուսակցության՝ Բաթմանի գրասենյակի ղեկավար Նիզամեթթին Թողուչը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կազմակերպած պայթյունի հետևանքով Բաթմանում մահացել էր 7 թուրք զինվորական:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: