Ֆրանսիայի ոստիկանությունն իր պաշտպանության տակ է վերցրել Ինտերպոլի կորած նախագահի ընտանիքին
Ֆրանսիայի ոստիկանությունն իր պաշտպանության տակ է վերցրել Ինտերպոլի կորած նախագահ Մեն Խունվեյի ընտանիքի անդամներին՝ նրանց հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո՝ տեղեկացնում է Europe 1-ը։
Սպառնալիքների մասին ոստիկանությանը հայտնել է Ինտերպոլի ղեկավարի կինը։
Ուրբաթ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննել Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյի անհետացման հանգամանքները, ով սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից մեկնել էր Չինաստան եւ այդ օրվանից կապի մեջ չէր մտել։
Խունվեյի անհետացման մասին ֆրանսիական ոստիկանությանը հայտնել էր նրա կինը, ով երեխաների հետ միասին ապրում է Լիոնում։ Այստեղ է նաեւ Ինտերպոլի գլխավոր գրասենյակը։
Ավելի ուշ չինական South China Morning Post թերթը գրել էր, թե Մեն Խունվեյը Չինաստանում կալանավորվել է, ինչը հերքել էին երկրի իշխանությունները։
Շաբաթ Ինտերպոլը հարցում է արել չինական իշխանություններին իր ղեկավարի անհետացման հանգամանքների մասին եւ սպասում է պաշտոնական պատասխանի։