Դանիան Կոպենհագենի մերձակայքում նոր կղզի կկառուցի
Դանիան ծրագրում է Կոպենհագենի նավահանգստի մոտ նոր կղզի կառուցել՝ քաղաքի բնակչության համար լրացուցիչ տարածք ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը, փոխանցում է Reuters-ը:
Գաղափարը կարող է ամբողջությամբ կյանքի կոչվել 2070-ին: Կղզու վրա առաջարկում են 35 հազար մարդու համար նախատեսված կացարան կառուցել: Բացի այդ, կղզին կպաշտպանի քաղաքը ծով մակարդակի բարձրանալուց:
«Մայրաքաղաքն արագ է զարգանում, կառուցապատվում՝ ինչպես երբեք: Դա լավ է: Բայց դա նաև նշանակում է, որ Կոպենհագենում տարածքները կվերջանան, և հենց այդ պատճառով մենք ցանկանում ենք նոր կղզի կառուցել»,-ասել է Ռասմուսենը:
Պայմանականորեն Lynetteholm կոչված նախագիծը շուրջ 20 մլրդ դանիական կրոն (3.1 մլրդ դոլար) ներդրում է պահանջում, ներառյալ՝ թունելի և մետրոյի կառուցումը: Ռասմուսենի խոսքով՝ ժամանակի ընթացքում նախագիծը կինքնաֆինանսավորվի: