Թուրքիայում երեք ընդդիմադիր պատգամավոր կարող է զրկվել մանդատից՝ Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ երեք պատգամավորներ՝ Չեթին Օսման Բուդաքը, Էրդին Բիրջանը և Այքութ Էրդողդուն, մեղադրվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Ընդդիմադիր քաղաքական գործիչներն այս պատճառով կարող են զրկվել պատգամավորական մանդատից, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ Անկարայի դատախազությունը նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համապատասխան պահանջագրերը ներկայացրել է Արդարադատության նախարարություն՝ Մեջլիսին ուղղելու նպատակով:
Նշվում է, որ պատգամավորական մանդատից կարող են զրկվել ու դատարանի առաջ կանգնել նաև ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից 12 պատգամավորներ, որոնք Անկարայի դատախազության կողմից մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչությամբ զբաղվելու համար: