ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին։
Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ:
Նրանք միջոցառման ընթացքում հանդես եկան ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը:
Ցերեկույթի ողջ ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի անմահ կատարումները:
Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում:
Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը ևս իր սերը, երախտագիտությունն ու հարգանքը հայտնեց մեծն Շառլ Ազնավուրին:
Ծառայողները ծաղիկներ խոնարհեցին Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում տեղակայված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանում, որն այս օրերին վերածվել է Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հարթակ, և գրառումներ կատարեցին հուշամատյանում: