Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նոր պատժամիջոցներով է սպառնացել Մոսկվային
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների: Այդ մասին, հայտնել է Associated Press-ը: Ինչպես պնդում է գործակալությունը, Հանթը հայտարարել Է, որ ՌԴ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել այն բանի «ծանրակշիռ ապացույցների» կապակցությամբ, որ Ռուսաստանը փորձել է հաքերական գրոհ կատարել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա:
Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ ծառայությունները կանխել են հաքերական գրոհը Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա, որն իբր փորձել են իրագործել Ռուսաստանի չորս քաղաքացիներ: Ինչպես հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչության ղեկավար Անկ Բեյլեվելդը, կասկածյալ ռուսաստանցիները Նիդեռլանդների տարածքից արտաքսվել էին ապրիլի 13-ին: ՌԴ ԱԳ նախարարությունում մեղադրանքները որակել են արևմտյան լրտեսամոլություն: