Սիրիահայերը կարող են իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 19-20-ին՝ ՀՀ անկախության տոնին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում բացվեց սիրիահայերի ձեռքի աշխատանքների և քաղցրավենիքի` «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Մասնակից սիրիահայերից շատերը մոտեցան տոնավաճառի բացմանը ներկա Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին և մտահոգություն հայտնեցին, որ չեն կարողանում առանձին տարածքներ վարձել և վաճառել իրենց աշխատանքերը:
Այսօր արդեն Սփյուռքի նախարարության և «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ղեկավարության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ՝ սիրիահայ մեր հայրենակիցներն արտոնյալ պայմաններով մեկ տարի շարունակ կարող են իրենց ձեռագործ աշխատանքները (ժամը 10:00-ից 22:00-ը) ցուցադրել Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում՝ սիրիահայերի համար հատկացված տարածքում՝ Վերնիսաժում։
Վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինը ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար ՀՀ դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար ՀՀ դրամ ։
Սա ևս մեկ քայլ է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը նպաստելու, պետության ու մասնավոր հատվածի համագործակցության միջոցով աջակցություն ստանալու և սիրիահայ մեր հայրենակիցների՝ հայրենիքում վերջնականապես հաստատվելու համար:
«Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում սիրիահայերի համար հատկացված տարածքներից օգտվել ցանկացող սիրիահայերը կարող են առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ` (+374 11) 51-22-51 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-17:00-ն: