Ռուսաստանը մահացու սելֆիների քանակով առաջատարների շարքում է
Սելֆի անելու փորձերի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների արդյունքում մահվան դեպքերի թվով Ռուսաստանը երկրորդն է: Այս մասին վկայում են Journal of Family Medicine and Primary Care ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:
Ընդհանուր առմամբ 2011 թվականից արձանագրվել է «մահացու սելֆիների» 259 դեպք: Հնդկաստանն այս ցուցանիշով դարձել է բացարձակ առաջատարը` 159 դեպք:
Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը, սակայն մեծ տարբերությամբ` 16 մահ սելֆիի պատճառով: Հաջորդում է ԱՄՆ-ն՝ 14 մահվան ցուցանիշով:
Բացի այդ, պարզվել է, որ 72% դեպքերում տուժողները տղամարդիկ են, չնայած, որ կանայք, ինչպես նշվում է, ավելի հաճախ են իրենք իրենց նկարում: Սա բացատրվում է այն փաստով, որ տղամարդիկ սիրում են ռիսկի դիմել:
Հետազոտողները նաև պարզել են սելֆի անելու ժամանակ մահվան ամենատարածված պատճառները. դրանք են՝ խեղդվելը, տրանսպորտի պատճառով մահը և բաձրությունից ընկնելը: