Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը, ավտոկայանը և հանդերձարանն այդպես էլ չեն քանդվել
Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը, ավտոկայանը եւ հանդերձարանն չնայած Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլուշի հավաստիացումների, այդպես էլ չեն քանդվել:
Akunq.net-ի փոխանցմամբ, այդ շինություններն անցյալ տարի հայկական գերեզմանոցի վրա կառուցել էր տվել Վանի Էդրեմեթի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Աթըֆ Չիչեքլին: Այդ փաստը բացասական արձագանքի էր արժանացել, որից հետո սույն հարցը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողմից բերվել էր խորհրդարանի օրակարգ, եւ տվյալ ժամանակաշրջանի Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարն ստիպված էր եղել այդ թեմայով հայտարարությամբ հանդես գալ` նշելով, թե այդ կառույցները կքանդվեն 60 օրվա ընթացքում:
Ի պատասխան` քաղաքապետի պաշտոնակատար Աթըֆ Չիչեքլին փորձել էր պնդել, թե տվյալ շրջանում ոչ մի հայկական գերեզմանոց չկա, եւ ընդգծել, թե որեւէ կառույց չի քանդվելու:
Չնայած նախարարի հայտարարությունից արդեն մեկ տարի է անցել, սակայն տվյալ շինությունները դեռ կանգուն են: Եւ թեեւ սույն հարցի վերաբերյալ որոշում է կայացրել նաեւ Թուրքիայի մշակութային արժեքների պահպանման խորհուրդը, բայց որեւէ է քայլ չի ձեռնարկվել այդ կառույցները քանդելու ուղղությամբ: