Երեկ ավելի հուզիչ ու ծանր էր այդ լուրի առաջին պահը, բայց հիմա ավելի շատ զգում ես, թե որքան ուժ ունես, որքան հպարտություն ունես ու որքան երախտապարտ ես Շառլին. ԱԳ նախարար
Այն ամենը, ինչ արել է Շառլը, ուղեցույց է` ինչպես կարելի է լինել հավատարիմ զավակը քո ժողովրդի ու քո երկրի: Այս մասին այսօր Կասկադում՝ Շառլ Ազնավուրի կեցավայրում, շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Երեկ ավելի հուզիչ ու ծանր էր այդ լուրի առաջին պահը, բայց հիմա ավելի շատ զգում ես, թե որքան ուժ ունես, որքան հպարտություն ունես ու որքան երախտապարտ ես Շառլին, այդքան մեծ սիրտը, որը կիսվել է աշխարհի հետ ու անձամբ քո հետ: Իր երգերը, իր խոսքերը, այդ մարդասիրությունը բոլորիս համար ուղեցույց են, և այն ամենը, ինչ արել է Շառլը մեր ժողովրդի համար, նույնպես ուղեցույց է, թե ինչպես կարելի է ապրել կյանքը ու լինել հավատարիմ զավակը քո ժողովրդին ու քո երկրին»,-ասաց Մնացականյանը:
Հարցին, թե վերջին անգամ երբ է արտաքին գործերի նախարարն առնչվել շանսոնյեի հետ, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դա եղել է 2017-ին:
«2017թ. էր երևի, Նյու Յորքում միջոցառում կար, որ կազմակերպվել էր նրա պատվին, կազմակերպել էր «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը: Լինելով այդ երկու մեծությունների մեջ՝ զգում ես՝ որքան մեծ անձնավորություններ կան այս աշխարհում, որ աշխարհի մակարդակի մարդիկ են և միասին կարող են այդքան մեծ հնչեղություն բերել մեզ, մեր ժողովրդին»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ 94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն: Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին:
Ինչպես գրում է gala.fr-ը, նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:
Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։