Շառլ Ազնավուրն իր մեջ ամփոփել է մի ամբողջ դարաշրջան` ողբերգությունների, պատերազմների, տառապանքների. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Facebook -ի գրառում է կատարել` ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն երգչի` Շառլ Ազնավուրի:
«Շառլ Ազնավուրն իր մեջ ամփոփել է մի ամբողջ դարաշրջան` ողբերգությունների, պատերազմների, տառապանքների… Բայց նաև հումանիզմի, ամրության ու սիրո: Այդ դարաշրջանն անցել է նրա զարմանալի էության, նրա հոգու տարածքի միջով:
Կան արվեստի գործեր, որոնք մինչև հոգուդ խորքը թափանցելու զարմանալի ունակությամբ են օժտված: Նրանք նման են ռադիումի մասնիկի, դրանք հեղինակի հեռանալուց հետո դեռ շատ ու շատ երկար կճառագեն իրենցում ամփոփված հավերժությունը: Ազնավուրի ստեղծագործության մեջ բյուրեղացել են սերն ու հավերժությունը: Եվ այդ կախարդական բյուրեղը դարձել է մարդկության գանձարանի հարստությունը:
Հավերժությունը ոչ բոլորին է տրված. բայց Ազնավուրն արդեն այնտեղ է և ապագայից մեզ է նայում նույնքան պայծառ, ինչպես իր կյանքի օրոք»,- նշել է նա: