Գերմանիան իրանցի դիվանագետին կհանձնի Բելգիային
Ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով Բավարիայում ձերբակալված իրանցի դիվանագետ Ասադոլլա Ա․-ն կհանձնվի Բելգիային։ Բամբերգի գլխավոր դատարանը երկուշաբթի օրը բավարարել է այս մասին գլխավոր դատախազի հայցը։ Դատարանը չի ճշտել, թե երբ է 46-ամյա դիվանագետը հանձնվելու Բելգիային։ Մինչ այդ իրանցին կմնա Գերմանիայում՝ կալանքի տակ՝ տեղեկացնում է DW-ն։
Ասադոլլա Ա․-ն մեղադրվում է լրտեսության եւ սպանության կազմակերպման մեջ։ Նրան համարում են Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների վրա ահաբեկչական կանխված հարձակման կազմակերպիչ։
ԳԴՀ-ի դաշնային դատախազի խոսքերով՝ դիվանագետը հավատարմագրված է եղել որպես Վիեննայում Իրանի դեսպանության երրորդ կարգի խորհրդական։ Նա աշխատել է իրանական MOIS հատուկ ծառայության համար, որի խնդիրը Իրանում եւ նրա սահմաններից դուրս ընդդիմադիրներին լրտեսելն ու նրանց դեմ պայքարելն է։
Ասադոլլա Ա․-ն ձերբակալվել է Գերմանիայում՝ բելգիական օրդերի հիման վրա, քանի որ նրա հանդեպ դիվանագիտական անձեռնմխելիությունը գործում է միայն Ավստրիայի տարածքում։