Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են
2018 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, այդ մասին հայտնում է golos-ameriki.ru-ն:
Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար:
Ընդհանուր առմամբ, այս մրցանակին է հավակնում ավելի քան 300 թեկնածու, սակայն, ինչպես վստահեցնում են աղբյուրները, Թրամփն ամենայն հավանականությամբ կընդգրկվի թեկնածուների կարճ ցանկում: Դրանում կարող են ընդգրկվել նաև Հս. Կորեայի առաջնորդը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Նա կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: