Գերմանացի քաղաքական գործիչները հրաժարվել են մասնակցել Էրդողանի ներկայությամբ մզկիթի բացման արարողությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կատարած երկօրյա այցի շրջանակներում սեպտեմբերի 29-ին մասնակցել է Քյոլնում թուրք-իսլամական միության կողմից խոշորագույն եվրոպական մզկիթի բացման արարողությանը, որի շինարարությունը շուրջ 30 մլն եվրո է արժեցել:
Ինչպես գրում է DW.com-ը, թուրք նախագահի այցով պայմանավորված՝ ոստիկանները շղթայապատել էին մի շարք թաղամասեր: Փակվել էին գլխավոր մայրուղիները: Կարգուկանոնին հետևում էր մոտ 3000 ոստիկան:
Գերմանացի քաղաքական գործիչները, սակայն, հրաժարվել են մասնակցել արարողությանը: Հանդիսավոր բացումից առաջ Քյոլն-Բոնն օդանավակայանում Էրդողանի հետ հանդիպել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի վարչապետ Արմին Լաշետը:
Վերջինս չի կարողացել թուրք առաջնորդին ընդունել օդանավակայանի մոտակայքում գտնվող Վան ամրոցում, քանի որ մասնավոր օգտագործման ենթակա պալատի սեփականատերն արգելել է այն օգտագործել հանդիպման համար:
Հիշեցնենք, որ նախօրեին մինչ Էրդողանի ժամանումը տեղի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ նրա այցի: