The Wall Street Journal-ն անդրադարձել է հայկական մշակույթին
Ամերիկյան The Wall Street Journal-ը ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել հայկական մշակույթին: Պարբերականն իր ընթերցողների հետ հիացական տպավորություններով է կիսվել հայկական արվեստի հնագույն նմուշների, ծովից ծով Հայաստանի առևտրական հնարավորությունների ու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կրոնի մասին:
«Չնայած, որ Հայաստանի պատմությունը հարուստ է ավերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք զգում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»,- նշված է հոդվածում:
Պարբերականն անդրադարձ է կատարել նաև Կիլիկիայի հայկական թագավորությանը:
«Մենք տեղեկանում ենք նաև, որ դարերի ընթացքում հայերը դարձել են խոշոր առևտրականներ` գտնվելով աշխարհի երկրների խաչմերուկում և 3 ջրային ավազանների` Միջերկրական, Սև և Կասպից ծովեր մուտք ունենալով: Միջերկրական ծովի ափին Կիլիկիայի հայկական թագավորությունը հնարավոր է` կապեր է ունեցել խաչակիրների պետությունների հետ, և հայ առևտրականները ակտիվ առևտուր են իրականացրել այն ճանապարհներին, որոնք նրանց տարել են դեպի Անգլիա, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստան, բայց մենք նախ գիտենք հայկական քրիստոնեության մասին: Այն թվում է և անզիջում, և անփոփոխ ու ամուր, կարծես` հիշեցնում է տապան, որը կանգնած է Արարատի լանջին»,- գրված է պարբերականի հոդվածում:
The Wall Street Journal-ը հիշատակել է նաև հայկական զարդերի մասին ու նշանավորել մինչև XIV դարը հայկական Դվին քաղաքի հզորությունը:
«Տեսնում ենք XI-XIII դարերի զարդեր` հայկական Դվին քաղաքից, որը մինչ XIV դարում մոնղոլների կողմից ավերվելը, Կոստանդնուպոլսից արևելք եղել է ամենախոշոր քաղաքներից մեկը»,- նշել է հոդվածագիրը: