Լրագրողը ով բացահայտել է Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի իրական ինքնությունը լքում է Ռուսաստանը
«Հետաքննությունների կառավարման կենտրոնի» լրագրող Սերգեյ Կանևը, որը բացահայտել է Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի իրական ինքնությունը, ստիպված է լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Երկիրը լքելու պատճառը քրեական հետապնդման մտահոգություն է եղել։ Նրան իբր կարող են մեղադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ահաբեկչություն պատրաստելու, իսկ, մասնավորապես, պետության ղեկավարի ավտոշարասյան երթուղին պարզելու փորձի մեջ։
Ներկայումս Կանևը գտնվում է Մերձբալթյան երկրներից մեկում։
Bellingcat-ի ևThe Insider-ի հետաքննության արդյունքում պարզվել է ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային թունավորելու մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի իրական ինքնությունը։ Հետաքննության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ Բոշիրով անվան ներքո թաքնվում է ԳՀՎ-ի գնդապետ Անատոլի Չեպիգան։