Ադրբեջանը կոչ է արել Հայաստանի վրա «ճնշում գործադրել»
Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի վրա «ճնշում գործադրել», որպեսզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում հզոր ազդակ ուղարկել և Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա միջազգային իրավունքի իրացումն ապահովի և անհապաղ ու անվերապահորեն սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ընդունված համապատասխան բանաձևերի իրականացումը: Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ ժողովրդին ուղղված իրենց խոստումները` Հայաստանը տնտեսապես զարգացած և բարգավաճող պետություն դարձնելու մասին, անհնար է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը հարգելու»,- ասել է նա:
Մամեդյարովը նշել է` եթե Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավար է համարում, ապա պետք է հավատարիմ մնա ժողովրդավարական արժեքներին և գործի օրենքի գերակայությամբ: ԱԳ նախարարի խոսքով` Ադրբեջանը հուսով է, որ խաղաղությունը, կայունությունն ու տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունն այլընտրանք չունեն: Մամեդյարովը նաև նշել է, թե Ադրբեջանը այս հակամարտությանը շուտափույթ քաղաքական կարգավորում գտնելու հարցում ամենամեծ հետաքրքրվածությունն ունի:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի` երկու երկրների պաշտպանության նախարարներին կհանձնարարվի կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում և պետական սահմանին լարվածության մակարդակը նվազեցվի:
Այս զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ զրուցակիցները հայտնել են խնդրի` բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին։