Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել էր սոցիալական ցանցում ուղիղ եթերի ժամանակ: