Իրանի արտգործնախարարն Իսրայելին մեղադրել է անօրինական միջուկային զենք ստեղծելու մեջ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում Իսրայելին մեղադրել է անօրինական միջուկային զենք ստեղծելու մեջ:
Այս հայտարարությունը Զարիֆն արել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Իրանը Թեհրանում գաղտնի «միջուկային պահեստ» ունի:
«Արվեստների ցուցահանդեսը չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը մեր տարածաշրջանում «գաղտնի» և «չհայտարարված» միջուկային զենքի ծրագրով միակ ռեժիմն է»,- գրել է Զարիֆը:
Նրա կարծիքով, ժամանակն է, որ Իսրայելը «խոստովանի և բացի իր միջուկային զենք ի անօրինական ծրագիրը միջազգային կառույցներին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը: