3 տարում ավելի քան 1000 կին է սպանվել Թուրքիայում
Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» պատգամավոր և «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի» անդամ Նեջաթի Թըղլըն զեկույց է հրապարակել 2016-2018թթ. կանանց նկատմամբ իրականացված հանցագործությունների բռնությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն` վերջին 3 տարվա ընթացքում՝ 2016թ. հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում, Թուրքիայում 1021 կին սպանվել է, 870 կին բռնության է ենթարկվել, իսկ 342-ն էլ սեռական ոտնձգության զոհ դարձել:
Զեկույցը կազմվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությույունների տրամադրած տվյալների և մամուլում տեղ գտած լուրերի հիման վրա:
Ինչպես նշվում է զեկույցում` Թուրքիայում գրեթե սկսել են լեգիտիմ բնույթ ստանալ կանանց նկատմամբ բռնության միտումները, նրանց նկատմամբ խտրականությունը, մեկուսացումը, թիրախավորումը:
Բացի այդ, նշվում է, որ անպաշտպան կանայք սպանվում են, ենթարկվում սեռական ոտնձգությունների ու բռնությունների, իսկ իրավապահ մարմինների` հանցագործներին արդարացնելու ապօրինի որոշումները լուրջ մտահոգություն են առաջացնում հասարակության շրջանում: