Հարգել Իրանի հետ առևտուր անելու՝ բոլոր երկրների իրավունքը. Չինաստանի կոչը
Չինաստանն անհրաժեշտ է համարում հարգել Իրանի հետ տնտեսական հարաբերություններ ունենալու և առևտուր անելու՝ այլ երկրների օրինական իրավունքները: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Գրում է РИА Новости-ն:
«Վերջին երեք տարվա դեպքերը վկայում են այն մասին, որ Իրանի միջուկային հարցով կնքված Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը կենսունակ համաձայնագիր է: Չինաստանն Իրանին կոչ է անում հետագայում ևս շարունակել կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Միևնույն ժամանակ պետք է հարգել Իրանի հետ նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատելու բոլոր երկրների օրինական իրավունքը», - ասել է Վան Ին:
Չին նախարարն ընդգծել է, որ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը նպաստում է խաղաղության և կայունության հաստատմանը Մերձավոր Արևելքում:
Նա կոչ է արել բոլոր կողմերին շարժվել ըստ երկարատև հեռանկարի և ապահովել համաձայնագրի ամբողջականությունը:
Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (ՌԴ, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին վերոնշյալ համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել համաձայնագրից: